Երկար տարիների մշակումից և գովազդից հետո վերջապես թողարկվել է Ubuntu Phone օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը՝ Aquaris E4.5 Ubuntu Edition֊ը։ Այն թողարկել է իսպանական BQ ընկերությունը։ Պլանշետների և այլ կրելի սարքավորումների արտադրմամբ զբաղվող այս ոչ այդքան հայտնի ընկերությունը ձևափոխել է Android օպերացիոն համակարգով աշխատող իր սմարթֆոններից մեկը՝ Ubuntu֊ով աշխատելու համար։

Սարքի նախնական գինը Եվրոպայում €169.90 է (մոտ $190)։ Այն առաջին հերթին կմրցակցի ոչ այնքան թանկ սմարթֆոնների հետ, որոնք հիմնականում աշխատում են Android օպերացիոն համակարգով։

Սմարթֆոնը, չնայած իր ոչ այնքան թանկ գնի, ունի բավականին լավ պարամետրեր․

  1. 1.3GHz հաճախականությամբ quad-core MediaTek պրոցեսոր,
  2. 4.5 դյույմ անկյունագծով էկրան (540 x 960 թողունակությամբ),
  3. 8Gb ներքին հիշողություն, հավելյալ հիշողության քարտի ավելացման հնարավորություն,
  4. 1Gb ծավալով օպերատիվ հիշողություն,
  5. 2150mAh կարողությամբ մարտկոց,
  6. 8MP տեսախցիկ,
  7. Երկու միկրո֊սիմ քարտի հնարավորություն։

Սմարթֆոնների վաճառքը կսկսի երկուշաբթի օրը՝ փետրվարի 9-ին։