Անցած ամիս հայտնի դարձավ, որ Google-ը որոշել է դադարեցնել Google Glass խելացի ակնոցների զարգացումը, ամբողջովին վերաիմաստավորել նախագծի միտքը և սկսել ամեն ինչ զրոյից: Google Glass-ով այսուհետ կզբաղվի առանձին մասնաճյուղ, որը ղեկավարում է Թոնի Ֆադելլը, ով Apple-ի նախկին թոփ մենեջերն էր և այժմ էլ հանդիսանում է Nest-ի գլխավոր տնօրեն:

Չնայած այս ամենին, Google-ի ակնոցները արդեն շատերը ունեն և նրանք գտել են դրանց օգտագործման տարբեր միջոցներ: Օրինակ, Ավստրալիայում Yves Saint Laurent բարձր նորաձևության տունը, օգտագործում է Google Glass-ը, մարդկանց դիմահարդարում սովորեցնելու համար:

Ոճավորողներն, ովքեր պետք է կատարեն դիմահարդարումը՝ կլինեն Google Glass ակնոցներով և դրանց օգնությամբ ամբողջ պրոցեսը կկարողանան տեսանկարահանել: Դրանից հետո, հաճախորդները կկարողանան տանը դիտել ձայնագրությունը և ինքնուրույն կրկնել դիմահարդարումը: Ձայնագրված տեսանյութը կուղղեկցվի անընդհատ խորհուրդներով և քայլ առ քայլ ուղեցույցով: Այս մտքի իրականացման համար, նորաձևության բրենդը համագործակցում է David Jones և Myers Մելբուրնի և Սիդնեյի մանրածախ խանութների հետ: